"Փյուր Լենդ" ՍՊԸ-ն 10 տարի ժամկետով ներառվել է "Մեղրի" ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ արդյունաբերական-արտադրական գործունեություն իրականացնելու համար։ Մասնավորապես ՍՊԸ-ն նախատեսում է սննդամթերքի փաթեթավորման գործարան կառուցել։
"Մեղրի" ԱՏԳ-ն ստեղծվել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ։ Ազատ տնտեսական գոտին գործարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ենթադրվում է, որ ԱՏԳ - ի տարածքում 10-15 հա մակերեսով (և մինչեւ 45-50 հա հետագա ընդլայնման հնարավորությամբ) կգործեն 100-120 ընկերություններ, որոնց հասույթը 10 տարում կկազմի 52 մլն դոլար: Արտադրված արտադրանքը նախատեսվում է արտահանել Իրան, ԵԱՏՄ, Մերձավոր Արեւելքի երկրներ, Թուրքմենստան եւ այլն:
Մեղրիում ազատ տնտեսական գոտու կառուցման ընդհանուր արժեքը գնահատվում էր 32 մլն դոլար, որից 28 մլն դոլարը կապիտալ ծախսերն են։ Բոլոր ընկերությունների ընդհանուր ներդրումները 10 տարում նախատեսվում է հասցնել 350-400 մլն դոլարի: ԱՏԳ-ի գործունեությունն արդեն օրենսդրորեն ամրագրված է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում: Ընդամենը ԵՏՄ-ում duty-free համակարգով կգործեն 7 այդպիսի գոտիներ։ Բացի «Մեղրի» ԱՏԳ-ից Հայաստանում գործում են ևս երկուսը՝ «Ալյանս» և «Մերիդիան»։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայք էջում` https://mineconomy.am/page/360