Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (STAN) միավորում է տարբեր երկրներից և ոլորտներից հայազգի հաջողակ ներդրողների ու ձեռնարկատերերի։ Ցանցի անդամ ներդրողները ոչ միայն ուղղակի ֆինանսական ներդրումներ են կատարում գիտելիքահեն ստարտափերում, այլև նվիրում են իրենց ժամանակը, գիտելիքն ու փորձը: Նրանք հանդես են գալիս որպես մենթորներ և ստարտափերին աջակցում անհրաժեշտ կապերի հաստատման գործում։

Վերջերս STAN-ի կողմից ֆինանսական և խորհրդատվական աջակցություն են ստացել 2 հայկական ստարտափներ՝ Bliink-ը և Doctor Yan-ը։

Doctor Yan հավելվածը նախատեսված է թե՛ պացիենտների, թե՛ բժիշկների համար։ Պացիենտներին այն հնարավորություն է տալիս ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այլ այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի այցելության՝ առանց զանգի և հերթերում սպասելու։ Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակներում և հեղինակության առաջխաղացում։ Հավելվածի համակարգում այժմ գրանցված են ավելի քան 10 հազար պացիենտ և 600 գործակցող բժիշկ։

Bliink-ը, որը նաև FAST-ի նորարարության վենչուրային ծրագրի՝ InVent-ի շահառուներից է, թույլ է տալիս օգտատերերին կանխարգելել և քչացնել համակարգչով աշխատանքից առաջացած առողջական խնդիրները, ինչպիսիք են՝ աչքերի չորություն, կարմրություն, մեջքի ու պարանոցի շրջանում ցավերը: Օգտագործելով այս հավելվածը օգտատերերը զարգացնում են առողջ աշխատանքային սովորություններ ու դառնում ավելի արդյունավետ։ Bliink-ը անընդհատ ստուգում է օգտատերերի աշխատանքային վարքն ու նրանց ծանուցում ուղարկում՝ հիշեցնելով թարթել աչքերը կամ նստել ճիշտ դիրքով։ Հավելվածը նախատեսված է ինչպես բիզնեսների, այնպես էլ անհատ օգտատերերի համար։