Starlink-ը գլոբալ արբանյակային համակարգ է, որը տեղակայված է SpaceX-ի կողմից՝ ապահովելու գերարագ լայնաշերտ, մատչելի արբանյակային ինտերնետ հասանելիություն ամբողջ աշխարհում։ Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկին պատկանող Starlink-ի համացանցն այսօր հասանելի է ավելի քան 34 երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Իտալիայում և այլն: Յուրաքանչյուր ծածկույթի տարածքում պատվերները կատարվում են ըստ նախնական սպասարկման: SpaceX-ը արձակել է մոտ 2500 Starlink արբանյակներ՝ աջակցելու իր գլոբալ ցանցին:

Starlink արբանյակային ինտերնետ մատակարարի քարտեզի համաձայն՝ Հայաստանում Starlink ինտերնետ կապը հասանելի կլինի 2023 թվականին։ Ինտերնետ կապը կարող է լինել լրացուցիչ, իսկ որոշ դեպքերում՝ այլընտրանքային ինտերնետ կապ Հայաստանի համար։ Այն թույլ կտա մարդկանց օգտվել ինտերնետից հեռավոր վայրերում՝ անկախ մալուխային հասանելիությունից:

Starlink-ն այս պահի դրությամբ SpaceX ընկերության Falcon 9 կրող հրթիռի միջոցով մերձմոլորակային ուղեծիր է դուրս բերել ավելի քան 2500 արբանյակ: Մասկի ղեկավարած ընկերությունը մտադիր է ուղեծիր դուրս բերել ավելի քան 40 հազար արբանյակ: Ներկայում, սակայն, SpaceX-ը ԱՄՆ Կապի դաշնային ծառայության կողմից թույլտվություն է ստացել ուղեծիր դուրս բերել 12 հազար արբանյակ:

Starlink-ի բաժանորդները սարքավորումը կարող են ձեռք բերել 499 ԱՄՆ դոլարով, իսկ ծառայության ամսական վճարը կկազմի 99 դոլար: