Հայաստանի ՏՏ ոլորտը աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին $700 մլն ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29,000 մասնագետ:

2022 թվականն աննախադեպ է հարկերից ազատվելու համար դիմումների և տրամադրվող հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնության հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն, ապա միայն 2022թ.՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ, հավաստագրված ընկերությունների թիվը 1039 է, որից 716-ը օտարերկրյա կազմակերպություններ են։ 195 կազմակերպություն էլ արդեն իսկ հավաստագիր ստանալու դիմում է ներկայացրել, որոնց հայտերը կքննարկվեն առաջիկա նիստերում։

Հարկային արտոնություն ստանալու համար դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում Օրենքով սահմանված հետևյալ ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և արտադրություն, համակարգչային անիմացիա և մոդելավորում, Web ծրագրավորում, ինժեներիա, ինտեգրալային սխեմաների նախագծում, չիպերի ծրագրավորում, խաղերի ստեղծում, 3D մոդելավորում և այլն:

Հայաստանի ՏՏ ոլորտը զարգանում է արագ տեմպերով և զգալի արդյունքներ է գրանցում։ Հայաստանի ստարտափ էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը Կովկասում, 2022թ․ին առաջին անգամ ՏՏ ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի 10 խոշոր հարկատուների թվում, ի հավելումն նրան, որ աշխարհի ՏՏ ոլորտում ազդեցիկ ընկերությունները, ինչպիսիք են NVIDIA, Adobe, Synopsis, AMD, TeamViewer, Renderforest, Miro և BostonGenes, ընտրում են Հայաստանը որպես իրենց գրասենյակների, մասնաճյուղերի, վերլուծական և R&D կենտրոնների հաջորդ վայր։