Սոլարա ընկերությունն Աբովյան համայնքի տարածքում հիմնում է ալյումինե պրոֆիլների «Կոնստալ» արտադրամաս, որի համար ձեռք է բերել 23000քմ տարածք։
Գործունեության հիմնական ճյուղերն են լինելու արևային ֆոտովոլտային վահանակների համար ալյումինե շրջանակների և արևային կայանների տեղադրման համար ալյումինե կոնստրուկցիաների արտադրությունը։ Գործարանը արտադրելու է նաև ալյումինե դռների և պատուհանների շրջանակներ։

Ներդրումը կկազմի $15,000,000, որի արդյունքում կստեղծվի 200 աշխատատեղ։ Արտադրանքի մեծ մասն արտահանվելու է ԱՄՆ, Եվրոպա և ԵԱՏՄ երկրներ։ Ալյումինե պրոֆիլների արտադրության գործարանի բացումը նախատեսված է 2022 թվականի նոյեմբերին։ Գործարանը կաշխատի ամսական 600-800տոննա արտադրական հզորությամբ։ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թվականի առաջին ամսում կազմել է 365.2 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9.7%-ով։
Solara-ն հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է արևային կայանների տեղադրմամբ։ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (արևային էներգիայի միջին տարեկան հոսքը 1 քմ մակերեսի վրա 1720 կՎտժ է, իսկ երկրի մեկ քառորդն ունի տարեկան 1850 կՎտժ/քմ արևային էներգիայի մատակարարում): Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի ողջ ծավալի գնումը առաջիկա 20 տարում։ Այսօր Հայաստանում կառուցվում են մի քանի խոշոր արեւային էլեկտրակայաններ՝ 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։