«ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից, որոնք նախատեսված են Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Սարավան գյուղում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան կառուցելու և շահագործելու համար:

Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին։ Կայանի կառուցման, փորձարկման եւ գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.2 մլրդ դրամ։ Ներդրումների հիմնական ուղղություններն են հողի ձեռքբերում՝ 288 մլն դրամ, սարքավորումների ձեռքբերում՝ 1.4 մլրդ դրամ, շինարարական եւ նախագծային աշխատանքներ՝ 460 մլն դրամ։

Ներդրումների մոտ 89%-ն արդեն իսկ կատարված է, այդ թվում ձեռք է բերվել հողամաս, իրականացվել է շինարարություն եւ նախագծային աշխատանքներ, կատարվել են վճարումներ սարքավորումների դիմաց։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 76.5 մլն դրամ, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 7.2 մլն դրամ:

Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ: