«Ա-Ս ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ն ազատվել է գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար տեխնոլոգիական սարքավորումների, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից, որոնք նախատեսված են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան կառուցելու և շահագործելու համար:
Կայանի կառուցման, փորձարկման և գործարկման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 1.65 մլրդ դրամ։ Նախատեսվում է տեղադրել բարձր արդյունավետությամբ Ռայ ընկերության երկերեսանի մոնոբյուրեղային ՖՎ մոդուլներ, որոնց հզորության նվազեցումը չի գերազանցում տարեկան 0.5%-ը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում՝ կայանների կառուցման, փորձարկման և գործարկման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 4 աշխատատեղ՝ 250,000 դրամ աշխատավարձով։ Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի շուրջ 230 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 312․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 30․6 մլն դրամ:
Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով): ՀՀ Կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիա ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանում այսօր իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ: