2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին, Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը Կանավերալ հրվանդանի ԱՄՆ տիեզերական կենտրոնից SpaceX տիեզերանավի միջոցով արձակվեց Երկրի ցածր ուղեծիր։ Դա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում։

Արբանյակային պատկերները կօգտագործվեն սահմանների վերահսկման, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության համար, ներառյալ՝ կլիմայի փոփոխության մոնիտորինգը, քաղաքաշինությունը, ճանապարհաշինությունը, երկրաբանությունը և շատ այլ ոլորտներ: Արբանյակը կգործի առնվազն 4 տարի։
Արբանյակային առաքելության մանրամասներն ու առաջին արդյունքները կներկայացվեն սեպտեմբերին Երեւանում՝ Starmus VI փառատոնի շրջանակներում։ Starmus-ը գիտական հաղորդակցության և արվեստի համաշխարհային փառատոն է, որը միավորում է մոլորակի ամենափայլուն մտքերը՝ նշելու գիտական հաղորդակցությունը համաշխարհային մակարդակի գիտնականների, ինժեներների, տիեզերագնացների և արվեստագետների հետ: Փառատոնի նպատակն է ոգեշնչել և կրթել հետազոտողների հաջորդ սերնդին և վերակենդանացնել բացահայտումների ոգին: Starmus-ը համատեղում է արվեստը, երաժշտությունը և գիտությունը՝ բարելավելու գիտական հաղորդակցությունը:
Starmus-ը հյուրընկալել է Apollo-ի մի քանի տիեզերագնացների (Նիլ Արմսթրոնգ, Բազ Օլդրին), Ալեքսեյ Լեոնովին և Վիկտոր Գորբատկոյին: Աշխարհահռչակ գիտնականներ, Նոբելյան մրցանակի 25 դափնեկիրներ և տիեզերագնացներ իրենց գիտությամբ կիսվել են Starmus բեմից, այդ թվում՝ Սթիվեն Հոքինգը, Մեյ-Բրիտ Մոզերը, Էմանուել Շարպանտիեն, Էլիզաբեթ Բլեքբերնը, Դոննա Սթրիքլենդը, Ջիլ Տարթերը, Քիփ Թորնը, Ռոբերտ Ուիլսոնը, Մեյշել Մեյորը, Էդվարդ Մոզերը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Ռիչարդ Դոքինսը , Բրայան Քոքսը, Թոնի Ֆադելը և գիտության շատ այլ հսկաներ: Սթիվեն Հոքինգը և Ալեքսեյ Լեոնովը աշխատել են ռոք աստղ և աստղաֆիզիկոս Բրայան Մեյի հետ՝ ստեղծելով գիտական հաղորդակցության համար Սթիվեն Հոքինգի մեդալը, որը տրվում է այն անհատներին և խմբերին, ովքեր նպաստում են գիտության մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: Սթիվեն Հոքինգի մեդալի նախկին դափնեկիրներից էին Իլոն Մասկը, Ժան-Միշել Ժարը, Նիլ դե Գրաս Թայսոնը, Հանս Զիմմերը և « he Particle Fever» վավերագրական ֆիլմը։