Restart Village ընկերությունը Գեղարքունիքի Վարդենիկ քաղաքում աղբյուրի ջրի շշալցման գործարան հիմնելու վերջնական փուլում է։ Ընկերությունը գործարանի կառուցման համար ներդրել է $2 700 000։ Աշխատանքները սկսվել են 2021 թվականի հունիսին և 2022 թվականի օգոստոսի դրությամբ շենքի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, այժմ ընթանում են գործարանի շահագործման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումների տեղադրումը։

Սկզբում ընկերությունը կունենա 30 աշխատատեղ՝ հետագայում ավելի շատ մարդկանց ընդգրկելու հնարավորությամբ։ Գործարանը կունենա տարեկան 25 մլն շիշ թողունակություն, որն առայժմ կարտահանվի ԵԱՏՄ երկրներ՝ ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ արտահանման ուղղությունները ընդլայնելու տեսլականով։ Նրանք հոգացել են նաև գործարանի շահագործման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի հարցը՝ շենքի տանիքին տեղադրելով 150 կվտ/ժամ արևային մարտկոցներ, որոնք լիովին բավարարում են իրենց կարիքները։ Շշալցված ջուրը կոչվում է «Ջան»։

Վերամշակող արդյունաբերության ծավալը 2022 թվականի հունվար-հուլիսին 2021 թվականի հունվար-հուլիսի համեմատ աճել է 16,4%-ով, որից սննդամթերքի արտադրության ծավալն աճել է 11,1%-ով, իսկ խմիչքների արտադրության ծավալը՝ 1,6%-ով։ 2021 թվականի հուլիսի համեմատ վերամշակող արդյունաբերության ծավալը 2022 թվականի հուլիսին աճել է 23.1%-ով, որից սննդամթերքի արտադրության ծավալն աճել է 8.2%-ով, իսկ խմիչքներինը՝ 12%-ով։