Synergy-ի ավելի քան 20 տաղանդավոր մասնագետների 32 ամսվա աշխատանքի արդյունքում ստեղծվեց շուկայի կառավարման հեղափոխական համակարգ՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան ազատականացնելու և այն թվայնացնելու համար։ Այն նոր և ժամանակակից առցանց հարթակ է, որը շուկայի մասնակիցներին տալիս է մեծ հնարավորություններ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի հարաբերություններում և հնարավորություն է տալիս վերահսկել շուկայում տեղի ունեցող բոլոր գործընթացները:

Համակարգը հնարավորություն տվեց ամբողջությամբ թվայնացնել էլեկտրաէներգիայի շուկան, կազմակերպել առցանց առևտուր մեծածախ շուկայի առանձին հատվածներում, ինչը հնարավորություն կտա նաև մրցակցային պայմաններում որոշել էլեկտրաէներգիայի գինը։

Համակարգը նախագծվել է «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի համար (բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը) և պաշտոնապես գործարկվել է 2022 թվականի փետրվարի 1-ին։ Այն մշակվել է USAID Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի (MLET) ծրագրի աջակցությամբ:

Զուգահեռաբար, Հայաստանում զարգանում է վերականգնվող էներգիայի ոլորտը։ ՀՀ կառավարությունը երաշխավորում է գնել վերականգնվող աղբյուրներից գեներացված էլեկտրաէներգիայի ամբողջական պաշարը առաջիկա 20 տարիների ընթացքում: Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (1մ2 հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ2, իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է  տարեկան 1850 կՎտԺ/մ2 ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով)։ Այսօր երկրում իրականացվում են զուգահեռ մի քանի մեծ արևային կայանների կառուցում` ընդհանուր միասնական 400 ՄգՎ հզորությամբ: