Ապրիլի ամսից Երևանի փողոցներում արդեն իսկ կլինեն ներմուծված ավելի քան 237 նոր ավտոբուս` 150 Zhongtong մակնիշի «Euro 5» բնապահպանական ստանդարտի միջին դասի ավտոբուսներ, ինչպես նաև 87 MAN մակնիշի ավտոբուսներ: Ծրագրի շրջանակներում կստեղծվեն 492 նոր աշխատատեղ` 317,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:  

Նոր երթուղային ցանցը համադրվելու է Երևանի մետրոյի աշխատանքի հետ, ինչը թույլ է տալու էականորեն մեղմել երթևեկության հետ կապված խնդիրները։ Այս տարվա ընթացքում ներդրվելու է նաև միասնական տոմսային համակարգ` ավտոբուսներում ու մետրոյում։ Նախատեսվում է նաև տարվա ընթացքում քաղաքում ունենալ ավտոբուսների երթևեկության առանձնացված գծեր։ Կանգառներում և առցանց համակարգում գործելու է հավելված, որի միջոցով ուղևորները կկարողանան հետևել ավտոբուսների երթուղուն ու տեղեկանալ դրանց ժամանման ժամանակի մասին։ Այս նորամուծությունը կգործի ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվանից։