Սյունիքի մարզի Կապան քաղաքի հին երկաթուղային կայարանի տեղում կստեղծվի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի նոր մասնաճյուղը։ Շենքի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023թ․։ Սյունիքի մարզի բոլոր համայնքներում ապրող պատանիներին Թումոյի կրթական ծրագիրը հասանելի դարձնելու համար «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է բացել ևս մեկ կենտրոն` Սիսիան քաղաքում, ինչպես նաև 6 Թումո տուփ` Գորիս, Քաջարան, Մեղրի քաղաքներում և Շաքի, Շինուհայր, Տեղ գյուղերում: Կապանի Թումոյին միացված կլինեն Քաջարանի և Մեղրիի տուփերը, իսկ Սիսիանին` Գորիսի, Շաքիի, Շինուհայրի և Տեղի Թումո տուփերը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ արտերկրում` Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: