Ստեղծագործական տեխնոլոգիաների հայկական կենտրոնը ԹՈՒՄՈ-ն և Գերմանական զարգացման բանկը KfW ստորագրեցին համաձայնագիր, որը նախատեսում է Թումո-Բեռլին մասնաճյուղի հաջող փորձի հիման վրա Գերմանիայում ԹՈՒՄՈ կենտրոնների և ԹՈՒՄՈ-արկղերի ցանցի բացումը։ ԹՈՒՄՈ-ի մամլո հաղորդագրության համաձայն, փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ KfW-ի թվայնացման գծով տնօրեն Միքայել Շտրաուսը նշել է, որ Թումո-Բեռլինի բացումը հրաշալի հնարավորություններ է ընձեռել Բեռլինի երիտասարդությանը։

«Այսօր ստորագրված համաձայնագիրը մեծ առաջընթաց է, քանի որ այն հնարավորություն կտա Թումո-Բեռլինի արդյունավետ փորձը տարածել ողջ Գերմանիայում»,- ասաց Շտրաուսը։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է, որը մասնագիտացված է դիզայնի և տեխնոլոգինարի ոլորտում։

Թումո կենտրոնը բացվել է 2011 թվականին Երևանում։ Հայաստանում այժմ գործում է 4 Թումո կենտրոն` Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում։ Հայաստանից դուրս կա 7 միջազգային կենտրոն Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Կիևում և Լիոնում։ Առաջիկայում ծրագրվում է բացել կենտրոններ արտերկրում` Կալիֆոռնիայիում, Տոկիոյում և Նուր-Սուլթանում։