Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանում կֆինանսավորի շուրջ 100 մլն դոլարի ծրագրեր։ Օգոստոսի 4-5-ը Երեւանում ստորագրվել են համագործակցության համապատասխան փաստաթղթեր։
Առաջին համաձայնագիրը նախատեսում է, որ ԵԶԲ-ն 30 մլն դոլար տրամադրի «Տաշիր» ընկերությունների խմբին՝ Հայաստանում կառավարման միջազգային ստանդարտների և ավտոմատացված հաշվառման համակարգերի ներդրման համար։

«Նյու Էներգիա» ընկերությունների խմբի հետ կնքված երկրորդ համաձայնագրի համաձայն՝ ԵԱԶԲ-ն մինչև 37 մլն դոլար կհատկացնի մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորման համար։ Դրանք կտեղակայվեն Հայաստանի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում։
Երրորդ համաձայնագիրը, որը կնքվել է «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի հետ, ուղղված է ագրոարդյունաբերական համալիրում Հայաստանի պարենային անվտանգության ապահովմանը և կայուն տնտեսական զարգացմանը։ Այդ նպատակների համար բանկը կհատկացնի 25 մլն դոլար։
2021 թվականի կեսերին ԵԱԶԲ-ն ընդունեց ռազմավարություն, որն ապահովում է մոտ 11 միլիարդ դոլարի ներդրումներ ԵԱԶԲ բաժնետեր երկրների տնտեսություններում։ Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 5 տարիների ընթացքում բանկի հիմնական նպատակն է նպաստել ազգային զարգացման օրակարգի խնդիրների լուծմանը։ Մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրեր կիրականացվեն ենթակառուցվածքների, արտահանմանն ուղղված արտադրության, պարենային անվտանգության, ֆինանսական ծառայությունների և թվայնացման ոլորտներում։ Աշխատանքի նպատակային արդյունքը կլինի Հայաստանում բանկի ընդհանուր ներդրումների ավելացումը ավելի քան 3 անգամ՝ մինչև 287 մլն դոլար 2022-2026 թվականներին։
Որպես այս ռազմավարության մաս՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱԶԲ-ն հավանություն է տվել մի շարք ծրագրերի իրականացմանը՝ շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ներդրումներով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիան, էլեկտրատեխնիկական արտադրությունը, գյուղատնտեսության արտադրությունը և վերամշակումը: