Չարենցավանի հաստոցաշինական գործարանում առաջիկա ամիսներին սեփական ապրանքանիշի ներքո զրահամեքենաներ կսկսեն հավաքել։ Արտադրությունն իրականացվում է «Ռիդա» ռուսական գործարանի հետ համագործակցությամբ, որը զբաղվում է մեքենաների զրահավորմամբ և հայտնի է «Բուրան» մոդելով։ 

Նախորդ տարի Չարենցավանի գործարանը երկու նմուշ էր հավաքել, որը ներկայացրել են պաշտպանության նախարարությանը փորձարկման համար։ Զուգահեռաբար, հայ մասնագետները վերապատրաստում էին անցնում Նիժնի Նովգորոդի գործընկեր գործարանում։

Աշխատանքներն ուզում են սկսել SKD տեխնոլոգիայով հավաքումից, սակայն մինչև տարեվերջ զրահապատ ապակիների արտադրությունը ցանկանում են տեղայնացնել։ Հայ ինժեներների առաջարկած մի շարք առանձնահատկություններ հաշվի առնելով շասսիները մեքենաների համար կպատրաստվեն Ռուսաստանում, «Սադկո» ԳԱԶ-3308 ամենագնացի օրինակով։

Նոր մեքենան կկրի «Լուսան» անվանումը և կարող է լինել մի քանի տեսակի` 5, 6, 10 տեղանոց, պիկապներ կամ կիսապիկապներ, տարհանման մեքենաներ և այլն։ Արտադրության տեղայնացումը բավարար էր, որպեսզի Ավտոմոբիլային ինժեներների միությունը (Society of Automotive Engineers, SAE) Չարենցավանի գործարանին շնորհեր արտադրողի նույնականացման (WMI) կոդ, ինչի շնորհիվ «Լուսանները» VIN կոդեր կստանան։ Մեքենաները նաև ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սերտիֆիկացում կանցնեն։ 

Ընկերության հիմնական պատվիրատուն կլինի ՊՆ–ն, սակայն գնորդ կարող են լինել նաև քաղաքացիական կազմակերպությունները, օրինակ` բանկերը։ Արտահանման վերաբերյալ նույնպես նախնական պայմանավորվածություններ ունեն։