Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնության և ջանքերի շնորհիվ Հայաստանում արտադրված Mankan խաղալիքներն այժմ հասանելի են կանադացի սպառողին։ «Մանկան» ընկերության տնօրեն Վարուժան Գյուրջյանը հայտնեց, որ իրենց արտադրանքի պատվիրատուն՝ Reptilia ընկերությունը, Կանադայում ամենախոշոր փակ կենդանաբանական այգուն կից խանութներ ունի: Կողմերը համաձայնեցրել են բիզնես պլանը, կողմնորոշվել տեսականու հարցում, ինչից հետո ուղարկվել է առաջին խմբաքանակը, որի 40%-ն արդեն իրացվել է։  Կանադական ընկերության պատվիրած խաղալիքներից շատերը հայ մասնագետներն առաջին անգամ են ստեղծում և ոչ այն պատճառով, որ պատրաստման տեխնիկան բարդ է, պարզապես նախկինում նման խաղալիքներ պատրաստելու առիթ չեն ունեցել։ Տեղական այս ընկերությունը հայկական շուկայում աշխատում է ավելի քան 30 տարի և շատ ավելի բարդ խաղալիքների ստեղծման փորձ ունի, որոնք քրտնաջան աշխատանք են պահանջում։ Ներկայումս արտադրվում է ավելի քան 100 տեսակի խաղալիք՝ ամենատարբեր թեմաներով։

Բացի Կանադայից, ընկերությանը ստեղծած խաղալիքները պահանջարկ ունեն Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Նպատակ կա նաև արտադրանքը Վրաստան արտահանել։

«Մանկան»-ը հիմնադրվել է 1998թ․-ին։ Այժմ «Մանկան»-ը առաջին և միակ ընկերությունն է Հայաստանի Հանրապետությունում, որն արտադրում է փափուկ խաղալիքներ։ Այն առաջարկում է երեխաների համար փափուկ խաղալիքների, ինտերակտիվ խաղալիքների և կրթական պաստառների լայն տեսականի: Արտադրությունը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով: Խաղալիք ստեղծելու համար օգտագործվում են միայն լավագույն նյութերը, իսկ որակի անվտանգությունը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: