Արհեստական բանականության վրա հիմնված առաջին հայկական ռոբոտը ընդլայնում է աշխարհագրությունն ու նոր ներդրումներ ներգրավում: Վենչուրային ընկերությունների միջոցով «Expper Technologies» ընկերությունում ներդրվել է 2 միլիոն դոլար: Իր տեսակի մեջ բացառիկ Ռոբինը ստեղծվել և զարգանալու է Հայաստանում՝ ապացուցելով, որ Հայաստանում հնարավոր է արտադրել բարդ պրոդուկտներ, որոնք կօգնեն մարդկանց ամբողջ աշխարհում՝ ասում է «Expper Technologies»-ի տնօրեն՝ Կարեն Խաչիկյանը: Ռոբինն արդեն աշխատում է ոչ միայն Հայաստանի տարբեր հաստատություններում, այլեւ ԱՄՆ-ում (օրինակ՝ հիվանդանոցներում, որտեղ նա ուղեկցում է երեխաներին ու տարեցներին)։

Կարեն Խաչիկյանի խոսքով՝ այսօր միայն Միացյալ Նահանգներում պետական միջոցներով տարբեր կատեգորիաների խնամքի համար պետությունը ծախսում է մոտ 1.2 տրլն դոլար, իսկ ամբողջ աշխարհում բժշկական հաստատություններում ավելի քան 30 մլն խնամք մատուցող մասնագետների պակաս կա, և ընկերության նպատակն է լրացնել այդ բացը: Այս տարի պլանավորում են աշխատակիցների թիվն ավելացնել 6 տասնյակով: Ի դեպ, 7-ամյա Ռոբինին հեղինակավոր TIME ամսագիրը ճանաչել է 2021 թվականի լավագույն 100 հայտնագործություններից մեկը:
ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: