Forbes-ը շուկայական հետազոտություններ իրականացնող Statista ընկերության հետ համատեղ հրապարակել է Ամերիկայի լավագույն ստարտափ գործատուների չոորրոդ ամենամյա ցուցակը՝ գնահատելով 2500 ԱՄՆ ստարտափ բիզնեսները: Ստարտափ է համարվել 2012-2019 թվականներին հիմնադրված ցանկացած ընկերություն, որն ունի առնվազն 50 աշխատակից: Բիզնեսները համեմատվել են երեք չափանիշներով՝ գործատուի համբավ, աշխատակիցների գոհունակություն և աճ: Վերջնական ցուցակում տեղ են գտել 500 գործատուներ, որոնց շարքում տեղ են գտել նաև հայկական DISQO-ն (73), ServiceTitan-ը (163) և Picsart (243)։

DISQO-ն միասնական հարթակով սպառողներից ուղղակիորեն (first-hand) տվյալների հավաքագրման ու հետազոտության ընկերություն է։ Այն իրականացնում է տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ և համարվում է աշխարհում առաջատարը այս ոլորտում։  Ընկերությունը տվյալները տրամադրում է աշխարհի խոշորագույն շուկայական հետազոտական գործակալություններին, վերլուծական ընկերություններին և Fortune 500 ցուցակում ընդգրկված ապրանքանիշերին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը և բրենդի առաջխաղացումը:  

ServiceTitan-ը աշխարհի առաջատար և ամենաարագ զարգացող ծրագրային ապահովման տեխնոլոգիական հարթակն է արհեստների համար, որը տրիլիոն դոլար արժողությամբ համաշխարհային ինդուստրիա է: Նրանք օգնում են փոքր բիզնեսի ձեռներեցներին գործարկել և զարգացնել իրենց բիզնեսը, պարզեցնել գործունեությունը, բարելավել հաճախորդների սպասարկումը և ավելացնել վաճառքը: բ Ներկայումս ունեն ավելի քան 7500 հաճախորդ և ավելի քան 1600 աշխատակից Գլենդելում, Ատլանտայում և Երևանում: ServiceTitan-ը հայկական առաջին տեխնոլոգիական միաեղջյուրն է։

Picsart-ը, որն այժմ դարձել է լուսանկարների խմբագրման հոմանիշը, սոցիալական խմբագրման աշխարհի լավագույն կրեատիվ հարթակն է ամսական ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատերերի և ազդեցիկների հետ: Picsart հավելվածը հասանելի է 30 լեզուներով անվճար և որպես բաժանորդագրություն iOS, Android և Windows սարքերում: Ընկերությունն ունի գրասենյակներ և թիմեր աշխարհի տարբեր երկրների քացաներում` Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Երևանում, Պեկինում, Մոսկվայում։ Ընկերությունը ապահովված է բարձրակարգ VC-ներով: Այն 2019թ․-ի ամենաշատ ներբեռնվող հավելվածներից մեկն էր։

ՏՏ ոլորտը Հայաստանում աննախադեպ աճ է գրանցել վերջին 10 տարվա ընթացքում` գրանցելով 23% միջին տարեկան աճ: Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի ստարտափ ավելի քան 20 ընկերություն ստացել են միասին 700 մլն. դոլար ներդրում: ՀՀ ստարտափները ազատված են բիզնես հարկերից, իսկ աշխատողների համար եկամտային հարկը կազմում է 10%: 2021 թվականի տվյալներով Հայաստանում գործող ՏՏ ընկերությունների ընդհանուր շրջանառությունը հատել է 1մլրդ. դոլարի սահմանը: Ոլորտում 2021 թվականի տվյալներով աշխատում են 29.000 մասնագետ: