Հայաստանը դարձել է Ռուսաստանից զբոսաշրջիկների շրջանում ամառային զբոսաշրջության ամենահայտնի վայրը։ Այս մասին է վկայում ավիատոմսերի ամրագրման տվյալների վերլուծությունը, որն անցկացրել է OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայությունը։

Առավել մեծ պահանջարկ ունեն Հայաստանը (արտերկրում բոլոր ամրագրումների 18,7%), Թուրքիան (16%), Ղրղզստանը (14,5%), Ղազախստանը (3,8%), Հունաստանը (3,4%)։ Տասնյակում են նաև Ադրբեջանը (3,3%), Տաջիկստանը (3%), Իսրայելը (2,9%), Իտալիան (2,4%) և Վրաստանը (2,2%)։

Ozon Travel-ը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը մայիսյան տոների ընթացքում ռուսների համար ամենահայտնի զբոսաշրջային ուղղությունների հնգյակում է: Մայիս ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 116.000 զբոսաշրջիկ, ինչը դեռ ավելի քիչ է, քան նախաճգնաժամային 2019թ., բայց, իհարկե, շատ ավելի, քան 2020-21թթ.։

Նշենք, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին Հայաստանը դարձել է նաև Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիների ամենանախընտրելի ուղղություններից մեկը։ Փետրվարի վերջից ապրիլի 1-ը Հայաստանում բացվել է ՏՏ ոլորտում ռուսական կապիտալով 520 ընկերություն։ Մարտի վերջի դրությամբ Ռուսաստանից Հայաստան է ժամանել 70-75 հազար մարդ։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բանկային հաշիվներ ունի Ռուսաստանի մոտ 4,5 հազար քաղաքացի։ Հայաստանում որպես անհատ ձեռնարկատեր գրանցված է Ռուսաստանի 938 քաղաքացի, ևս 268-ը ՍՊԸ-ներ են։

Հայաստանը բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ մուտք ունի 1,5 միլիարդանոց շուկա՝ զրոյական մաքսատուրքերով։ Երկիրը բիզնես սկսելու հեշտությամբ աշխարհում զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ սեփականության գրանցման հեշտությամբ՝ 13-րդը աշխարհում: