25մլն ԱՄՆ դոլար ներդնելով ՝ Երևանում բացվել է նոր հզորություններով և հարմարություններով «Ադամանտ» ոսկերչական գործարանը։ Նախագծի իրագործմանը նպաստել է նաև պետական աջակցությունը։ Ակնկալվում է, որ նոր արտադրության հիմնումը կավելացնի ոսկերչական իրերի արտադրությունը երկրում, որակապես կփոխի արտահանման պատկերը։ Ֆաբրիկան իր աֆինաժի՝ ոսկու զտման արտադրամասում հնարավորություն ունի ամսական զտել ավելի քան 500 կգ մաքուր՝ 999 հարգի ոսկու ձուլակտոր թե՛ հանքանյութից, թե՛ ոսկու ջարդոնից։ Ընկերությունը նախատեսում է տարեկան 15 մլն գրամի արտադրանք տալ։

Ներկայումս Ադամանտ ՍՊԸ-ն 100-ից ավել տեսակի սնամեջ ոսկե և արծաթե իրերի տարածաշրջանի միակ արտադրողն է։ Եթե ոսկե իրերն արտադրվում են Ռուսաստանում կամ Թուրքիայում, ապա արծաթե իրերը ոչ մի տեղ չեն արտադրվում։ Ընկերության ապրանքառեսակի առավելությունը այն է, որ ունենալով նույն հատկությունները, ապրանքային տեսքը, դրանք երկու անգամ թեթև են իրենց անալոգներից և, հետևաբար, ավելի մատչելի են։
Նորաբաց ֆաբրիկայում հնարավոր է դեղին ոսկուց ստանալ սպիտակը, ինչը Հայաստանին կդարձնի տարածաշրջանում առաջին սպիտակեցնող նյութ (ռոդիում սուլֆատը) արտադրող երկիրը։ Ընկերությունը նաև հատուկ լուծույթներ կարտադրի՝ նյութեր, որոնք օգտագործվում են ոսկերչական արտադրությունում ռոդիումապատման, ոսկեջրման ու պլատինապատման համար։ Այդպիսով տեղական արտադրանքով կփոխարինվեն ներմուծվող գալվանական լուծույթները, կարող են նաեւ ԵԱՏՄ երկրներ արտահանվել։